ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ` ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ, ՁՄԵՌ ՊԱՊ` ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ` ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ, ՁՄԵՌ ՊԱՊ` ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ
25.12.2009 | 00:00

«ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՐՈՂ Է ԻՄ ԿՆՈՋԻՑ ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵԼ»
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ (ԱԺ անկախ պատգամավոր)

-Ի՞նչ լավ բաներ եք տանում այս տարվանից։
-Արդեն 51 տարեկան եմ ու ամեն անգամ վստահ եմ, որ Ձմեռ պապն ինձ տոնածառ կբերի։ Հավատում եմ Ձմեռ պապի գոյությանը, իսկ այն մարդիկ, ովքեր չեն հավատում, կարծում եմ, ռոմանտիկ չեն։ Այս տարի ունեի բնական տոնածառ ու համոզված եմ, որ հաջորդ տարի էլ Ձմեռ պապն ինձ նման գեղեցիկ տոնածառ կբերի, չնայած այդ ժամանակ քնած կլինեմ։
-Այդ «բնական տոնածառի» տակ ինչպիսի՞ նվեր կուզենայիք տեսնել։
-Տոնածառի տակ փոքրիկ Ձմեռ պապ` իր տոպրակով։ Բայց տոնածառ-Ձմեռ պապ հարաբերությունները նաև տխուր ավարտ են ունենում։ Փոքր հասակից մեր տան հիմնական կռիվը հունվարի 13-ից հետո եղևնին տնից հանելն էր։ Չորս-հինգ տարեկան էի, երբ լուսահոգի մայրս տոնածառը տանում էր բակ, իսկ երեկոյան ես բակից տանում էի նկուղ։ ՈՒ այս տանել-բերելը տևում էր մի շաբաթ։ Հետո գրկում էի տոնածառն ու չէի թողնում տանեն։
-Ավանդույթը շարունակվո՞ւմ է։
-Այո՛, բայց իմ ընտանիքի անդամների հետ կոմպրոմիսի եմ եկել, որ հունվարի 1-ից մինչև փետրվարի 1-ը մեր բնական տոնածառը մնալու է։
-Այդքան երկա՞ր։
-Այո, այլապես շատ կտխրեմ։ Նրանք գիտեն, որ տոնածառը շուտ հանելը կավարտվի պատերազմով։ Շատ դժվար եմ բաժանվում տոնածառից։
-Փաստորեն, Ձեզ համար դա սոսկ գեղեցիկ ծառ չէ։
-Ինձ համար տոնածառը մանկությանս հուշերն է, ընկերներս, լավագույն հիշողությունները, ծնողներս... Այսինքն, եղևնին մեծ խորհուրդ ունի ինձ համար։ Ընդ որում, հիմա էլ այն տնից հանում են, երբ ես տանը չեմ լինում։ Տուն գալիս էլ աշխատում եմ չանցնել այնտեղով, որտեղ դրված է տոնածառը։ Լոռեցի եմ։
-Ո՞րն է Ձեր ամենահիշվող Ամանորը։
-Նման ամանորներ շատ են եղել, բայց մեկն առավել շատ է տպավորվել։ Իմ ծնողները, որպես կանոն, ծննդյանս օրերին և Ամանորին ինձ գրքեր էին նվիրում։ Հինգ տարեկան էի, երբ հայրս Ամանորին ինձ նվիրեց ռուս պատմաբան Մաշկինի գիրքը, որն այնքան հաստափոր էր, որ կարող էի նրա վրա նստել։ Անընդհատ մտածում էի, երբ պիտի տառերը սովորեմ, որ կարդամ։ Այդ օրը խորհրդանշական էր նաև նրանով, որ հայրս պատգամել էր` պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ դառնալ։ Սա մակագրված էր գրքի վրա։ Վանաձորի իմ տանն այդ գիրքը սրբորեն պահում եմ մինչ այսօր։
-Ճգնաժամը կազդի՞ Վիկտոր Դալլաքյանի ամանորյա սեղանի վրա։
-Մեր ընտանիքի ֆինանսների նախարարը կինս է։ Ես բացարձակապես տեղյակ չեմ տան գործերից։ Եթե անգամ ինձ խնդրում են երեկոյան հաց բերել, հնարավոր է նույնիսկ դա մոռանամ։ Այսինքն, ընտանիքում իմ օգտակար գործողության գործակիցը զրոյից ցածր է։ Ավելի շատ մասնակցում եմ սպառման գործընթացին։ Մթերքների ձեռքբերման, սեղանի ձևավորման հարցերից աշխատում են ինձ մեկուսացնել, որովհետև ես դեստրուկտիվ դեր եմ ստանձնում ու հնարավոր է բաժակ, ափսե ջարդեմ։ Ասում են` խելոք նստիր, հեռուստացույց նայիր։ Մեկ-մեկ աղջիկս է հանձնարարություն տալիս, ինչից շատ ուրախանում եմ։
-Իսկ «ֆինանսների նախարարը» չի՞ դժգոհում, որ այս տարվա բյուջեն փոքր է։
-«Ֆինանսների նախարարի» արմատները Վանից են (ծիծաղում է- Ռ. Խ.)։ Կինս շատ լավ տանտիրուհի է, ու կարծում եմ, որ մեր երկրի ֆինանսների նախարարը կարող է իմ կնոջից օրինակ վերցնել` ինչպես կարելի է սուղ միջոցներով լավ սեղան բացել, ասել է` անտեղի ծախսեր չանել` շքեղ մեքենաներ, ծառայողական անիմաստ գործուղումներ և այլն։
-Պարոն Դալլաքյան, պատկերացնենք, որ Ձմեռ պապն ու Ձյունանուշը ներկայանալու են տղամարդ և կին քաղաքական գործիչների տեսքով։ Ո՞Ւմ կուզեիք տեսնել` դուռը բացելիս։
-Շատ օրիգինալ կլիներ Ձմեռ պապի կերպարում տեսնել Արշակ Սադոյանին, ում ճանաչում են ծննդատան երեխաներից մինչև 100-ամյա մարդիկ։ Նրա կերպարը կոլորիտային կլինի։ Չնայած իր բնավորության հայտնի նրբերանգներին, նա շատ բարի անձնավորություն է և ԱԺ-ի իր գործունեության հակապատկերն է։ Սադոյանին հետաքրքիր զույգ կլիներ Ալվարդ Պետրոսյանը։ Նա, որպես գրող-հրապարակախոս, ճանաչված ու նույնպես կոլորիտային անձնավորություն է։ Նրանք բացարձակապես իրար նման չեն, բայց իրար կարող են լրացնել։
-Այս տարի Ձեր լսած ամենատպավորիչ անեկդոտը։
-Ապարանում տեղի է ունենում ֆուտբոլային խաղ` Ապարանի և աշխարհի հավաքականների միջև։ Դատավորը նշանակում է տուգանային հարված, որը պետք է իրացնի աշխարհի հավաքականը։ Ապարանի հավաքականի անդամները պատ են կազմում, մեջքով` թարս։ Դատավորը հարցնում է` ինչո՞ւ են նման ձևով շարվել, ապարանցիների ավագը պատասխանում է. «Պարոն դատավոր, ամբողջ աշխարհն ուզում է գոլը տեսնել, մենք չտեսնե՞նք»։

«ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ՈՐ «ԿԱՐԳԻՆ» ԿԻՆ ԷԻ, ԻՆՔՍ ԷԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ»
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ)

-Ի՞նչ լավ բան եք վերցնելու Ձեզ հետ այս տարվանից։
-2009-ի հունվարի 12-ը, որովհետև այդ օրը ես տղա թոռնիկ ունեցա։ Ինձ չէր հաջողվել տղա ունենալ, բայց աղջիկս տղա թոռնիկ պարգևեց։ Կրտսեր աղջիկս ևս այս տարի ամուսնացավ։ Իմ գործունեության հետ կապված էլ կվերցնեմ ձեռք բերված հմտություններս, փորձը։
-Ամենահետաքրքիր Ամանորը` Ձեր կյանքում։
-Յուրայի հետ դիմավորած բոլոր Նոր տարիները։ Իրենից հետո չեմ հիշում նման Ամանոր։ Յուրայի և երեխաներիս հետ հիանալի ամանորներ ենք անցկացրել։
-Կին պատգամավորի համար ժամանակ մնո՞ւմ է ամանորյա պատրաստությունների համար, թե՞ մեկ ուրիշն է անում։
-Ինքս սիրում եմ զբաղվել այդ հարցերով, բայց վերջին տարիներին շատ չեմ սևեռվում դրանց վրա։ Աղջիկներս ամուսնացել են, ու մենակ եմ։ Այս տարի «փախչելու եմ» Հայաստանից։ Մեծ աղջիկս Հոլանդիայում է ապրում, իրենց հետ եմ տոնելու Ամանորը։
-Ի՞նչ եք սիրում ուտել Նոր տարվա սեղանից։
-Սիրում եմ իմ պատրաստած քյուֆթան։ Լավ տոլմա եմ եփում։ Այն ժամանակ, որ «կարգին» կին էի, ընտանիքս մեծ էր, շատ հաճույքով ամեն ինչ ինքս էի պատրաստում։
-Ոչ նյութական ի՞նչ նվեր կուզեիք Ձմեռ պապից։
-Ժողովրդիս խաղաղություն, իմաստություն, սեր։ Կուզենայի, որ իմ ազգն ավելի շատ հավատար իրեն, չկասկածեր, որ հզոր պոտենցիալ ունի, ու դրա վրա էլ կառուցեր իր բոլոր երազները։ Մենք բոլորս արժանի ենք ավելի լավ կյանքով ապրելու, իրավական արդար պետություն ունենալու, իշխանավորներն էլ պետք է հիշեն քրիստոնեության ոսկե կանոնը` ինչ ուզում ես, որ ուրիշները քեզ անեն, դու արա նրանց համար։
-Նոր տարվա Ձեր առաջին կենացը։
-Փառք Աստծո, որ առողջ, նույն սեղանի շուրջ բոլորս դիմավորում ենք ևս մեկ տարի։
-Պատկերացնենք` Ձմեռ պապն ու Ձյունանուշը ներկայանալու են տղամարդ և կին քաղաքական գործիչների տեսքով։ Ո՞Ւմ կուզեիք տեսնել այդ «դերերում»։
-Ձմեռ պապին կուզենայի տեսնել Սասունցի Դավթի կերպարով` ոչ միայն արտաքինով, այլև հոգով, իսկ Ձյունանուշը թող գար մեր Զարա Փոստանջյանի կերպարով, որն անկեղծորեն հավատում է իր գործին։

«ՎԱՏՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՎԵՐՑՆԵՍ, ՈՐ ԼԱՎԸ ԵՐԵՎԱ»
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Ի՞նչ լավ բան եք վերցնելու Ձեզ հետ այս տարվանից։
-ՈՒզեմ, թե չուզեմ, ամեն ինչ էլ վերցնելու եմ։
-Նույնիսկ վա՞տը։
-Հա՛մ վատը, հա՛մ լավը։ Եթե վատը չլինի, լավը չես զգա։ Վատն էլ պիտի վերցնես, որ լավը երևա։ Լավ հիշողություններից կվերցնեմ ընտանիքիս ընդլայնումը։
-Առաջինն ո՞ւմ կենացն եք խմում։
-Ընտանիքիս, ու շնորհավորում Նոր տարին և Սուրբ ծնունդը։ Նոր տարին, նախ և առաջ, ընտանեկան տոն է։
-Պատկերացնենք` Ձմեռ պապն ու Ձյունանուշը ներկայանալու են տղամարդ և կին քաղաքական գործիչների տեսքով։
-Բնականաբար, քաղաքական գործիչներն իմ գործընկերներն են ու որևէ մեկին չեմ ուզում առանձնացնել, բոլորին էլ կուզենայի տեսնել, այդ դերում առաջին հերթին` մեր խմբակցության անդամներին։ Չկա մեկը, որին չուզենամ տեսնել, իհարկե, մեկին` ավելի շատ, մյուսին` ավելի քիչ։

«ՁՅՈՒՆԱՆՈՒՇՆ ԷԼ ԿԻՆԱՐՄԱՏ Է, ԷԼԻ»
ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)

-Տնտեսագետ Բոստանջյանի ամանորյա սեղանը ճգնաժամից կորուստներ կրելո՞ւ է։
-Չեմ կարծում։ Այն, ինչ նախորդ տարիներին եղել է, կարծում եմ, էլի կլինի։ Սեղան կատեգորիային այդքան նշանակություն չեմ տալիս։
-Խոզի բուդ լինելո՞ւ է։
-Տարբեր բաներ կլինեն, կանայք ինչ դնեն։ Այդ առումով ինչ-որ հատուկ նախընտրություններ չունեմ։
-Խոզագրիպի հետ կապված մտավախություն չկա՞։
-Հիվանդություններ են, էլի, պարտադիր չէ խոզի հետ կապել։
-Ինչի՞ համար եք առաջինը խմում։
-Խմում եմ, որ խաղաղություն լինի, երկրի համար լավ տարի լինի, ձեռքբերումները շատ լինեն։
-Պատկերացնենք, որ Ձմեռ պապն ու Ձյունանուշը ներկայանալու են տղամարդ և կին քաղաքական գործիչների տեսքով։ Ո՞Ւմ կուզեիք տեսնել դուռը բացելիս։
-Ընդհանրապես մեր ազգի մեջ Ձմեռ պապն ընդունված չէ, Ձյունանուշիկն էլ, ի՞նչ ասեմ, կինարմատ է, էլի, կարելի է ինչ-որ մեկին տեսնել, ով ավելի գեղեցիկ է, կարևոր չէ` քաղաքական գործի՞չ, թե՞ ոչ։
-Պարոն Բոստանջյան, չլինի՞ չեք հավատում Ձմեռ պապին։
-Գրեթե չեմ ընդունում։

«ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՍ, ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻ ԴԵՐՈՒՄ ԻՆՁ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ (ՀՀ մշակույթի նախարար)

-Նախարար կնոջ ժամանակը հերիքո՞ւմ է Նոր տարվա սեղանի պատրաստության համար։
-Արդեն սովորել եմ դեկտեմբերի 31-ից մեկ օր առաջ միայն ընտանեկան գործերին ու հոգսերին նվիրվել։ Նույնիսկ սկսում եմ երազել այն պահը, երբ կսկսեմ վերջապես ընտանեկան գործերով զբաղվել։
-Ո՞րն է Ձեր սեղանի մշտական ուտեստը։
-Ավանդաբար ես պատրաստում եմ միկադո, որն ընտանիքիս անդամները և ես շատ ենք սիրում։ Սեղանին լինում են ավանդական ուտեստներ և այն ամենը, ինչն ընտանիքիս անդամները սիրում են։ Մերոնք շատ հաճույքով սացիվի են ըմբոշխնում։ Այդ օրերին պատրաստում եմ նաև սպաս, այսինքն` ջրալի բան, ինչն այդ օրերին շատերն են նախընտրում։
-Ամանորյա գիշերը տա՞նն եք անցկացնում։
-Այո, չի եղել մի դեպք, որ տնից դուրս անցկացնեմ։ Կամ մեր տանն ենք, կամ ծնողներիս։ Չեմ էլ պատկերացնում, որ կարելի է դրսում անցկացնել։
-Նախարարի առաջին կենացը։
-Եկեղեցում մոմ էլ վառեմ, նույն բանն եմ ցանկանում` ծնողներիս, երեխաներիս առողջություն, հաջողություն, խաղաղություն նրանց։
-Պատկերացնենք` Ձմեռ պապն ու Ձյունանուշը ներկայանալու են տղամարդ և կին քաղաքական գործիչների տեսքով։ Ո՞Ւմ կուզեիք տեսնել այդ «դերերում»։
-Ձյունանուշին ու Ձմեռ պապին միշտ կարող ես պատկերացնել ցանկացած կերպարով։ Համենայն դեպս, Ձյունանուշի դերում ինձ հաստատ չեմ պատկերացնում։
-Իսկ հավատո՞ւմ եք Ձմեռ պապին։
-Իհարկե, հավատում եմ։ Բոլորն իրենց կյանքում սպասում են մեկին, ով կգա ու հաճելի պահեր կպարգևի։
-Ի՞նչ նվերներ եք նախընտրում։
-Ես անձամբ ծաղիկներ եմ սիրում, ինչն ընտանիքիս անդամները գիտեն։ Գուցե դա շատ սովորական է, ամենօրյա, բայց ես նախընտրում եմ հատով ծաղիկներ, ոչ թե խառը փնջեր։
Բլիցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ